ԹԿՀԿ

  • Սիրելի՛ բարեկամներ

    Աշխարհում, ուր տնտեսական և սոցիալական սրընթաց փոփոխությունները հանգեցնում են անապահովության և ֆինանսական խնդիրների, այդ թվում և կովկասյան տարածաշրջանի երկրների համար, մենք պետք է գոտեպնդվենք և աշխատենք ավելի քան երբևէ մոտ միմյանց՝ առկա դժվարությունները հաղթահարելու, մարդասիրության և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության սկզբունքներով առաջնորդվող հանրություն ձևավորելու նպատակով։

    Անշուշտ, ժամանակակից հասարակությանը բնութագրում է նաև նրա վերաբերմունքը կենդանիներին, և անգամ ճգնժամի պայմաններում շատերը պետք է շահագրգռված լինեն այս հիմնախնդրի ամենացայտուն մասի՝ թափառող կենդանիների խնդրի ուղղությամբ մի քանի փոքր քայլ կատարելու մեջ։

    Թափառող կենդանիներն ընդհանուր տեսարան են աշխարհի շատ քաղաքների համար, և նրանք գոյություն ունեն, քանի որ մարդիկ նրանց գոյության համար միջավայր են ստեղծում։ Թափառող կենդանիները սնվում են մեր աղբից, նրանք նաև ընտանի շների և կատուների արդյունք են։ Մի քանի սերունդների ընթացքում նրանք կարող են ավելի քան հարյուրապատկվե՛լ։ Երբ թափառող կենդանիների գլխաքանակը վերահսկողությունից դուրս է գալիս, նրանք կարող են անցանկալի վարակների աղբյուր դառնալ, և այս դեպքում անկասկած անհրաժեշտ է մարդու միջամտությունը։ Հարցն այն է, թե ինչպես է միջամտությունն արտահայտվում։ Ո՞ր ձևերն են կիրառելի, ո՞րն է այլ երկրների փորձը, ո՞ր լուծումներն են լավագույն արդյունք ապահովում նաև էթիկական չափանիշների համաձայն։ Ինչպե՞ս են կրթությունն ու քարոզչությունը ներգործում իրավիճակի բարելավման վրա։ Օրենսդրական ո՞ր փոփոխությունները կլինեն բարենպաստ, և ինչպե՞ս կարող ենք մենք միավորել մարդկանց, ովքեր աշխատում են միևնույն նպատակի համար, այն է՝ մարդ-կենդանի ներդաշնակ փոխհարաբերություն և կենդանիների նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունք։

    Այս բոլոր հարցերի պատասխանները գտնելու նպատակով, մենք՝ կենդանիների բարեկեցության, բնապահպանության և անվտանգության հիմնախնդիրների մի քանի կազմակերպություններս, միավորվել ենք նախաձեռնելու հիմանխնդրին նվիրված առաջին միջոցառումը Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում. Թափառող Կենդանիների խնդիրներով 1ին Համաժողով Կովկասում։ Խնդրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, որին մենք բախվեցինք գործունեության հենց սկզբից, ինչպես նաև հայաստանյան և միջազգային կազմակերպությունների աջակցությունը, հաստատում են խնդրի օրհասականությունը երկրում և տարածաշրջանում։ Կենդանիների բարեկեցության համաշխարհային կարևորագույն մի քանի կազմակերպություններն իրենց աջակցությունն առաջարկեցին և գործուղելու են ճանաչված խոսնակներ, ինչով մենք անչափ հպարտ ենք։

    Մեր երախտագիտությունն ենք հայտնում միջոցառման հովանավորներին, խոսնակներին և պատվիրակներին, ովքեր ժամանակ գտան գալ Հայաստան այս ամառ, և բոլորին, ովքեր միացել են Համաժողովին և հետաքրքրություն ցուցաբերել։ Հուսով ենք՝ 1ին ԹԿՀԿ բոլոր մասնակիցները վայելեցին Համաժողովն ու տուն վերադարձան շատ տպավորություններով, բարի հիշողություններով և, միգուցե, մեր հարազատ քաղաքներում մարդկանց և կենդանիների կյանքն ավելի լավը դարձնելու նախագծով: