Հոգա քո շան մասին

  • Ընտանի շունը կամ շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է: Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից: Առաջին ընտելացված կենդանին է: Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ: Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի:

    Առաջացման պատմություն

    Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել` սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը: Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց: Յութայում` Վտանգի քարանձավում (Danger Cave) 9000-10 000 տարվա մնացորդների, Պերուում և Կոլումբիայում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային և Լատինական Ամերիկաների շների նախնին ևս գորշ գայլն է Եվրասիայում: Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում:

    Շների ծագումը

    Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ:2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը: Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում` Գոյեի քարանձավում (Goyet)` 31 700 տարի առաջ, Սիբիրում` Ռազբոյնիչյա քարանձավում` 33 000 տարի առաջ, Ֆրանսիայում` Շովեյի քարայրում (Chauvet)` երեխայի ու շնազգիի հետքեր 26 000 տարի առաջ:
    Իսրայելի հյուսիսում հայտնաբերվել են Նաթուֆյան ժամանակներում միասին թաղված երեխայի և գայլի կամ շան ձագի ոսկերներ` ստորին ծնոտ ու կարնասիալ (գիշատիչ) ատամներ, դրանք վկայում են 12 000 տարի առաջ ընտելացման մասին: Դեռևս 1873-ին Շվեյցարիայում` Կեսլերլոխի քարայրում (Kesslerloch Cave) գտնված վերին ծնոտի մնացորդները 14 100- 14 600 տարվա են: Սակայն շների և գայլերի ծնոտների նմանությունը միայն այն գայլերի հետ է, որոնք հանդիպում են Չինաստանում: Այսպես, ըստ արական Y քրոմոսոմի վերլուծության` ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում: Նույն ուղղվածությամբ` միտոքոնդրիալ ԴՆԹ-ի այլ հետազոտություն կոնկրետացրեց ծագման վայրը` Յանցզի գետից հարավ, ժամանակը` մոտ 16 300 տարի սրանից առաջ: ՄԴՆԹ-ի վերլուծությանը հակադրվում է, դրան հաջորդած, այլ ուսումնասիրություն, ըստ որի ընտանի շան գենոմի առավելագույն համընկնումը նուկլեոտիդի մակարդակով Միջին Արևելքի գորշ գայլին է համապատասխանում, և հենց միջինարևելյան գայլի գենոմն է հետագայում առավելագույնը տարբերակվում: Այս երկու տեսություններն էլ ունեն իրենց քննադատությունը: